Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Բիզնես և մարքեթինգ

Ինչպե՞ս հոբբին վերածել աշխատանքի

07.06.2024 | 1578 դիտում

Հաճախ ենք լսում, որ եթե աշխատանքը նաև քո հոբբին է, դու ստիպված չես ամեն օր աշխատել, քանի որ այդ դեպքում աշխատանքն ինքնին վերածվում է հաճելի զբաղմունքի։ Իսկապես, եթե անեք այն, ինչը սիրում եք, ձեր աշխատանքային օրն ավելի հաճելի կդառնա, իսկ երկարաժամկետ հեռանկարում դա կնպաստի կարիերայում ավելի մեծ հաջողությունների: 

 

Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք հարցին, թե ինչպես կարելի եք հոբբին վերածել աշխատանքի՝ հիմնելով ձեր բիզնեսը, ինչպես նաև կներկայացնենք այն գործոնները, որոնք հարկավոր է հաշվի առնել։

 

 

Ի՞նչ պետք է հաշվի առնել նախքան հոբբին աշխատանքի վերածելը

Ժամանակ հատկացրեք մանրակրկիտ պլանավորման և հետազոտության համար, որը հաջողության հասնելու առաջին նախապայմանն է: Հաշվի առեք հետևյալ գործոնները․

 

Ֆինանսական ներդրումներ։ Որքա՞ն գումար է անհրաժեշտ բիզնես սկսելու համար և որքան գումար է հարկավոր նախնական փուլում ներդնելու համար: Մտածեք, թե արդյոք կարող եք ձեզ թույլ տալ հոբբին աշխատանքի վերածել, եթե գործազուրկ եք: Բացի այդ, մտածեք, թե արդյոք ունեք եկամտի այլ աղբյուրներ, որոնք կօգնեն ձեզ ֆինանսապես կայուն մնալ:

 

 

Բիզնեսի նշանակությունը։ Արդյո՞ք ձեր հոբբին բիզնեսի տեսանկյունից որևէ արժեք ներկայացնում է։ Սա գնահատելիս մտածեք ձեր հոբբիի մասին՝ նայելով ձեր թիրախային լսարանի տեսանկյունից, այսինք այն մարդկանց, որոնց համար ձեր բիզնեսը արժեք է ստեղծելու և առաջարկելու։ Արդյոք մարդիկ կցանկանան վճարել ձեր ապրանքի կամ ծառայության դիմաց: Օրինակ, եթե ձեր ընկերությունն առաջարկելու է կրթական ծրագրեր, գնահատեք, թե արդյո՞ք այն օգնում է մարդկանց լուծել խնդիր, օրինակ՝ դասընթացից հետո գտնել աշխատանք։ 

 

Շուկայի հետազոտություն։ Եթե գտնում եք, որ ձեր հոբբին կարող եք վերածել բիզնեսի, ապա հաջորդ քայլը պետք է լինի շուկայի վերլուծությունը։ Ուսումնասիրեք ձեր մրցակիցներին: Հետևեք ոլորտի միտումներին և զարգացումներին։ Հաշվի առեք, թե ինչպես եք ցանկանում գովազդել ձեր ապրանքը կամ ծառայությունը։ Մրցակիցների փորձն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես են նրանք հաջողության հասել շուկայում:

 

 

Ժամանակ։ Նախքան ձեր հոբբին շահութաբեր բիզնեսի վերածելը, հաշվի առեք ձեր ընթացիկ ժամանակացույցը: Մտածեք ձեր զբաղվածության մասին, ինչպիսիք են, օրինակ, ուսումնառությունը կամ ընթացիկ աշխատանքը, որոնք երկուսն էլ ժամանակատար են, և ձեզանից քիչ ջանքեր չեն պահանջվի, որպեսզի կարողանաք ժամանակ հատկացնել ձեր հոբբին բիզնեսի վերածելու գործին:

 

Ինչպես հոբբին վերածել աշխատանքի

Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ՝ հոբբին բիզնեսի վերածելու ուղղությամբ առաջին քայլերը կատարելիս։

 

 

Ընտրեք հարմար ժամանակ։ Եթե, օրինակ, փորձում եք մարել մեծ վարկ, ապա գուցե դա ամենահարմար պահը չէ սեփական բիզնեսը սկսելու համար։

 

Խնայեք։ Սկսեք գումար խնայել նախքան ձեր հոբբին կարիերայի վերածելը: Սահմանափակեք ծախսերը, որպեսզի բավականաչափ միջոցներ ունենաք սկզբնական փուլերում:

 

Սկսեք, քանի դեռ աշխատում եք։ Սա կարող է օգնել ձեզ խնայել գումար՝ թույլ տալով անհրաժեշտ ժամանակ տրամադրել ուսումնասիրություններին և մտածված որոշում կայացնել, թե արդյոք ձեր հոբբին աշխատանքի վերածելը լավագույն քայլն է։

 

Կապեր հաստատեք։ Օգտագործեք սոցիալական մեդիան՝ համախոհների հետ կապեր հաստատելու և նրանց գործունեությանը հետևելու համար։

 

 

Պլան կազմեք։ Քայլ առ քայլ նախագծեք ձեր հոբբին աշխատանքի վերածելու ռազմավարությունը: Դա օգնում է ձեզ կազմակերպված մնալ, մոտիվացված լինել, ինչպես նաև բացահայտել չկանխատեսված խնդիրները և արդյունավետ լուծումներ գտնել:

 

Պարբերաբար վերանայեք ձեր նպատակները։ Հիշեք, որ նպատակները կարող են փոխվել ժամանակի ընթացքում: Վերագնահատեք ձեր նպատակները տարբեր ժամանակներում՝ համոզվելու համար, որ դրանք շարունակում են արդիական մնալ և կարող եք հասնել դրանց: 

 

Ընդունեք կառուցողական քննադատությունը։ Հիշեք, որ ձեր ընկերների և ընտանիքի անդամների  կարծիքը և խորհուրդներն օգտակար են։ Լսեք նրանց թե՛ դրական և թե՛ բացասական կարծիքները և հետևություններ արեք։

 

Կհետաքրքրեն նաև