Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ գործատուներին

Ինչ է միկրոմենեջմենթը և ինչպես կանխել այն

17.05.2024 | 2084 դիտում

Առողջ աշխատանքային միջավայրում աշխատակիցները զգում են, որ ղեկավարները վստահում են իրենց՝ աշխատանքը արդյունավետորեն կատարելու հարցում: Հակառակ պարագայում ձևավորվում է միկրոմենեջմենթի մշակույթ, որի արդյունքում ոչ միայն կարող է նվազել աշխատակիցների արդյունավետությունը, այլև, հնարավոր է, գործատուները սկսեն կորցնել իրենց լավագույն մասնագետներին։

 

Մինչ միկրոմենեջմենթի կախմանն անդրադառնալը, նախ հասկանանք երևույթը։ Ընդհանուր առմամբ դա կառավարման ոճ է, որը ներառում է աշխատակիցների յուրաքանչյուր քայլի մանրակրկիտ մոնիտորինգ: Օրինակ, աշխատանքի հիմնական նպատակների վրա կենտրոնանալու փոխարեն ղեկավարները հաճախակի հաշվետվություններ են պահանջում՝ որպես աշխատակիցներին վերահսկելու միջոց:

 

Հաճախ միկրոմենեջերները չեն վստահում իրենց թիմին և կարծում են, որ յուրաքանչյուր առաջադրանք վերահսկելով կարող են լավ արդյունք ապահովել։

 

 

Միկրոմենեջմենթի հետևանքները

Միկրոմենեջմենթը կարող է կարճաժամկետ հեռանկարում բարձրացնել աշխատակիցների արդյունավետությունը, սակայն ժամանակի ընթացքում նրանք կարող են դեմոտիվացվել։ 

 

Կառավարման այս ոճը կարող է նաև վնասել աշխատողի հոգեբանական առողջությանը: Մարդիկ կսկսեն անհանգստություն զգալ, կկորցնեն ինքնավստահությունը՝ բախվելով ղեկավարի անվստահությանը: Իսկ այն աշխատակիցները, ովքեր վստահ են իրենց ուժերին, ավելի հավանական է, որ զայրանան կամ հիասթափվեն: Ի վերջո, նրանք կհասկանան, որ ղեկավարը երբեք չի գնահատի իրենց փորձը կամ չի ողջունի գաղափարները. նման պահերին, ամենայն հավանականությամբ, նրանք կմտածեն այլ աշխատանք փնտրելու մասին։

 

 

Ինչպես բացահայտել միկրոմենեջմենթը

Պարզելու համար, թե արդյոք ձեր աշխատակիցների հանդեպ մենեջերներն իրականացնում են միկրոմենեջմենթ, անցկացրեք անանուն հարցում։ Ընդգրկեք այսպիսի հարցեր՝ ձեր մենեջերը լսո՞ւմ է թիմի գաղափարները, օգտակա՞ր են ծրագրի տարբեր փուլերում մենեջերի առաջարկները, հարմարավե՞տ եք զգում ձեր կարծիքը մենեջերի մոտ բարձրաձայնելիս, ձեր մենեջերի հաղորդակցման ոճը արդյունավե՞տ է և այլն։

 

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են մենեջերները աշխատում թիմի հետ։ Եթե նկատում եք, որ ձեր մենեջերը կանխում է գաղափարների ազատ հոսքը և գերկենտրոնացած է մանրամասների վրա, ապա հնարավոր է՝ նա հակված է վերահսկել աշխատակիցների յուրաքանչյուր քայլը։

 

Աշխատակիցների առաջընթացին հետևելը ևս կարող է օգտակար եզրահանգումների հնարավորություն տալ։ Երբ մարդիկ աշխատում են միկրոմենեջմենթի ներքո, նրանց համար կարող է դժվար լինել ռիսկի դիմելը և նոր հմտություններ զարգացնելը: Միկրոմենեջերները հակված են աշխատակիցներին որոշակի ֆիքսված շրջանակների մեջ պահել, մինչդեռ  առողջ աշխատանքային միջավայրում մենեջերը խրախուսում է աշխատակիցների աճը։

 

 

Ինչպես կանխել միկրոմենեջմենթը

Եթե սկսում եք նկատել միկրոմենեջմենթի նշաններ, անմիջապես արձագանքեք։ Հանդիպում կազմակերպեք տվյալ մենեջերի հետ և ներկայացրեք ձեր դիտարկումները: Օգտակար է ընդգծել միկրոկառավարման կոնկրետ դեպքերը։ Այնուհետև կարող եք քննարկել ավելի լավ աշխատանքային միջավայր ստեղծելու ուղիները: 

 

Միգուցե մենեջերի վարքը պայմանավորված է աշխատանքը լավ կատարելու անկեղծ ցանկությամբ, և նա չի նկատում, որ իր միկրոմենեջմենթով վնասում է։ Հիշեցրեք, որ մենեջերի գործն ընկերության մեծ նպատակներին հասնելն է և հարկ չկա կենտրոնանալ աննշան մանրամասների վրա: Ընդգծեք, որ նրանց ամենակարևոր նպատակներից մեկը թիմին աջակցելն ու առաջնորդելն է։ 

 

Միկրոմենեջմենթը կանխելու առաջին քայլն աշխատակիցներին վստահելն է։ Քանի դեռ աշխատակիցները պատշաճ կերպով կատարում են իրենց աշխատանքը, կարիք չկա վերահսկել նրանց յուրաքանչյուր քայլը: Եթե արդյունավետությունը նվազում է, ղեկավարները կարող են աշխատակիցների հետ քննարկել խնդիրները։ 

 

 

Մշտապես պահեք հետադարձ կապը՝ թե՛ դրական և թե՛ բացասական դիտարկումների դեպքում։ Կառուցողական քննադատությունն օգնում է աշխատակիցներին սովորել իրենց սխալներից, իսկ գովելը օգնում է նրանց գնահատված զգալ:

 

Աջակցեք մենեջերներին՝ կանխելով միկրոմենեջմենթի անհրաժեշտությունը։ Դա հնարավոր է անել ընկերությունում թափանցիկ հաղորդակցության միջոցով։ Պարբերաբար հանդիպումներ անցկացրեք՝ քննարկելու համար ընկերության նպատակները և լսեք բոլոր մակարդակների աշխատակիցների կարծիքը։

 

Ավելի շատ ազատություն տվեք և ավելի քիչ վերահսկողություն իրականացրեք։ Փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը մոտիվացնում է, մինչդեռ միկրոմենեջմենթի արդյունքում աշխատակիցներն իրենց ճնշված են զգում և այդ պարագայում վաղ թե ուշ միկրոմենեջմենթի բացասական կողմերն ի հայտ կգան։ 

 

Կհետաքրքրեն նաև