Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչպես պատասխանել փափուկ հմտությունների վերաբերյալ հարցերին

25.05.2024 | 2615 դիտում

Փափուկ հմտությունները (soft skills) կարևոր են գրեթե բոլոր ոլորտներում արդյունավետորեն աշխատելու համար։ Հարցազրույցի ընթացքում գործատուն կարող է մի քանի հարցեր տալ՝ գնահատելու համար տարբեր փափուկ հմտություններ, որոնք նրանք կարևորում են այս կամ այն հաստիքում աշխատող թեկնածուի մոտ: 

 

Այսօր կդիտարկենք այդպիսի հարցերից մի քանիսը։ Դա կօգնի ձեզ հաջորդ անգամ հարցազրույցի գնալիս հնարավորինս արդյունավետ պատասխաններ պատրաստել։

 

 

Հաղորդակցության հմտությունը գնահատող հարցեր

Այնպիսի աշխատանքում, որում կարևոր են գրավոր և բանավոր շփումը, հաշվետվություններ պատրաստելը, նամակագրությունը, ելույթներ ունենալը և բանակցելը գործընկերների կամ հաճախորդների հետ, հաղորդակցության հմտություններն ունեն առանցքային նշանակություն։

 

Այս հմտությունները գնահատելու համար հնարավոր է՝ ձեզ խնդրեն հակիրճ պատմել ձեր մասին կամ հարցնեն, թե ինչպես կներկայացնեիք ձեր պաշտոնը անծանոթին, ով ձեր ոլորտից տեղյակ չէ։ Այլ հարցերի թվում կարող են լինել․

✓ Ո՞րն է ավելի կարևոր՝ լինել լավ լսո՞ղ, թե՞ լավ խոսող:

✓ Երբևէ վատ հաղորդակցության պատճառով խնդիրներ եղե՞լ են աշխատավայրում և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել։

✓ Որքա՞ն կգնահատեք ձեր հաղորդակցման ունակությունները՝ 1-10 սանդղակով:

 

 

Խնդիրներ լուծելու հմտությունը գնահատող հարցեր

Խնդիրները բացահայտելու, լուծումների տարբերակներ որոնելու և փորձարկելու կարողության շնորհիվ է, որ հաջողվում է կանխել նույն կամ նմանատիպ խնդիրների առաջացումը հետագայում։ Ձեզ կարող են տալ հետևյալ հարցերից մի քանիսը՝ հասկանալու համար, թե որքանով են ձեր մոտեցումները մանրակրկիտ և արդյունավետ՝ աշխատավայրում առկա խնդիրները լուծելու գործում․

✓ Պատմեք մի դեպք, երբ հաջողությամբ դրսևորել եք խնդիրներ լուծելու ձեր կարողությունը։

✓ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, երբ ձեր աշխատանքում սխալ եք գտնում:

✓ Ի՞նչ ռեսուրսներ եք օգտագործում խնդիրները լուծելու համար:

✓ Ի՞նչ կանեիք, եթե ձեզ խնդրեին կատարել մի առաջադրանք, որը նախկինում երբեք չեք արել:

 

 

Ստեղծարար մոտեցում ցուցաբերելու հմտությունը գնահատող հարցեր

Աշխատավայրում ստեղծարար լինելը կարող է ենթադրել նոր գաղափարների և գործընթացների փորձարկումներ՝ նորարարական լուծումներ գտնելու համար: Ահա ստեղծարար մտածողության վերաբերյալ մի քանի հարցեր, որոնք գործատուները կարող են տալ․

✓ Բերեք մեկ օրինակ, երբ, օգտագործելով ձեր ստեղծարար մոտեցումը, խնդրին տվել եք ավելի արդյունավետ լուծում։

✓ Ինչպե՞ս կօգտագործեիք ձեր ստեղծարար մտածողությունը, եթե աշխատեիք այս պաշտոնում:

✓ Ինչպե՞ս կգնահատեիք այն թիմակցի աշխատանքը, ով ներկայացնում է նորարարական գաղափար, որն անսովոր է, բայց համոզիչ:

✓ Ո՞ր տարբերակն եք նախընտրում՝ փորձե՞ր կատարել գործընթացները բարելավելու համար, թե՞ արդյունավետ գործընթացները նույնը թողնել:

 

 

Թիմային աշխատանքի հմտությունը գնահատող հարցեր

Թիմային աշխատանքը հնարավորություն է տալիս կիսել պարտականությունները, օգնության կարիք ունենալու դեպքում դիմել թիմակիցներին և հարկ եղած դեպքում օգնել նրանց: Այս հարցերը նպատակ ունեն ուսումնասիրել գործընկերների հետ աշխատելու ձեր նախկին փորձը և անհատական համապատասխանությունը այն թիմին, որի հետ նախատեսվում է, որ աշխատելու եք։ Ահա նման հարցերից մի քանիսը․

✓ Նախընտրում եք աշխատել թիմո՞ւմ, թե՞ միայնակ: Ինչո՞ւ։

✓ Պատահե՞լ է, որ աշխատեք մեկի հետ, ով բնավորությամբ լրիվ տարբեր էր ձեզանից: Ինչպե՞ս եք վարվել այդ իրավիճակում:

✓ Ինչպե՞ս կվարվեիք թիմակցի հետ, ով չի կատարում իր բաժին աշխատանքը:

✓ Եթե դուք և թիմի անդամը տարաձայնություններ ունեք խնդրի լուծման շուրջ, ինչպե՞ս կհամագործակցեք այն լուծելու համար:

 

 

Փոփոխություններին հարմարվելու հմտությունը գնահատող հարցեր

Այս հմտությունն օգնում է սահմանել առաջնահերթությունները, վստահ գործել, եթե աշխատավայրում անկանխատեսելի հանգամանք կամ մարտահրավեր է առաջանում կամ հարմարվել նոր գործընկերների հետ աշխատանքին։ Ահա մի քանի հարցեր, որոնք ստուգում են այս հմտությունը․

✓ Ո՞րն է եղել ձեր կարիերայի ընթացքում կատարած ամենամեծ փոփոխությունը:

✓ Ինչպե՞ս եք կարողանում աշխատել հաճախակի փոփոխվող վերջնաժամկետների պայմաններում:

✓ Ինչպե՞ս եք վերաբերում անակնկալ մարտահրավերներին կամ հանգամանքներին:

✓ Երբևէ ստիպվա՞ծ եղել եք արագ որոշում կայացնել և փոփոխություններ կատարել վերջին պահին։ Ինչպե՞ս եք վարվել այդ դեպքում։

 

Կհետաքրքրեն նաև