Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչ է գոսթինգը և ինչպես վարվել, երբ գործատուն չի արձագանքում հարցազրույցից հետո

31.05.2024 | 2038 դիտում

Վերջին տարիներին տարբեր մասնագիտական հարթակներում հաճախ ծավալվում են քննարկումներ գործատուի կողմից աշխատակիցների հետ կապ չհաստատելու շուրջ։ Թվում է՝ ընկերությունները պետք է որ կարևորեն իրենց գործատուի բրենդը, որի ձևավորման համար առանցքային է թեկնածուների հետ շփումը հավաքագրման գործընթացի շրջանակներում։ Սակայն, ամեն դեպքում, չեն պակասում գանգատներն այն մասին, որ գործատուները լռում են հարցազրույցից հետո՝ հարկ չհամարելով իրենց կայացրած որոշումների մասին իրազեկել թեկնածուներին։ 

 

 

Ի՞նչ է գոսթինգը 

Գործատուի նման մոտեցումը միջազգային աշխատաշուկայում հայտնի է գոսթինգ անվանումով։ Այս տերմինը վերջին տարիներին օգտագործվում է տարբեր համատեքստերում՝ անձնականից մինչև գործնական։ Հավաքագրման համատեքստում գոսթինը (անգլերեն ghost - ուրվական բառից) վերաբերում է իրավիճակներին, երբ ակնկալվում է գործատուի կողմից պատասխան, որը, սակայն, այդպես էլ չի ստացվում։ Օրինակ՝ դուք հարցազրույցի մեկ կամ մի քանի փուլ եք անցել, գուցե նաև առաջադրանք եք կատարել, սակայն գործատուի որոշման մասին ձեզ այդպես էլ տեղյակ չեն պահում։

 

Ե՞րբ է տեղի ունենում գոսթինգը 

Գոսթինգը սովորաբար տեղի է ունենում, երբ թեկնածուի հետ անմիջական կապ չունեցող ինչ-ինչ գործոններ ազդում են հավաքագրման գործընթացի վրա: Ահա մի քանի պատճառ, թե ինչու գործատուն չի իրազեկում դիմորդին գործընթացի մասին․ 

 

✓ ընկերությունը հաստիքը լրացնելու համար ընտրել է իր ներկայիս աշխատակիցներից մեկին՝ հրաժարվելով արտաքին թեկնածու փնտրելու մտքից:

✓ Տվյալ պաշտոնը վերացվել է։

✓ Փոխվել է հաստիքը։

✓ Պաշտոնին հավակնել են բազմաթիվ թեկնածուներ։

✓ Աշխատանքի ընդունման գործընթացը դեռ շարունակվում է, և դուք կարող եք արձագանք ստանալ շատ ավելի ուշ, քան կարող էիք պատկերացնել:

 

 

Ինչպե՞ս վարվել գոսթինգի ենթարկվելու դեպքում

Ներկայացնում ենք մի քանի քայլեր, որոնք կարող են օգնել նման իրավիճակներում։ 

 

Փորձեք հետադարձ կապ հաստատել

Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր հարցազրույցից հետո երախտագիտություն հայտնելը՝ նամակի տեսքով, լավ միտք է։ Սա կարող է հավաքագրման մասնագետի հետ նամակագրական կապի համար հիմքեր ստեղծել, որը հետագայում թույլ կտա կրկին կապ հաստատել՝ պարզելու համար, թե արդյոք ընկերությունը շարունակում է դիտարկել ձեր թեկնածությունը։

 

Սպասեք

Հաճախ հավաքագրման գործընթացը կարող է սպասվածից ավելի երկար տևել: Դա կարող է տեղի ունենալ մի քանի պատճառներով, այդ թվում՝ ընկերության կողմից դիմումների զգալի հոսքի, անձնակազմի ներքին խնդիրների կամ հավաքագրման թիմի գրաֆիկի պատճառով: Հնարավորության դեպքում հարզազրույցի ընթացքում նշված ժամկետից մի փոքր ավելի երկար սպասեք՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ պատճառներից մեկով պայմանավորված ընկերությունը դեռ հստակ պատասխան չունի ձեզ համար։

 

 

Կապի այլ ուղիներ փնտրեք

Եթե ​​դուք էլեկտրոնային փոստով գրել եք և արձագանք չեք ստացել, ապա փորձեք կապ հաստատել այլ միջոցով, օրինակ՝ զանգահարեք գրասենյակ կամ գրեք հավաքագրման մասնագետին Լինքդինում: 

 

Կենտրոնացեք այլ աշխատանք գտնելու վրա

Եթե բոլոր քայլերն ապարդյուն են անցնում, և դուք այդպես էլ չեք ստանում որևէ արձագանք, ապա ձեր ջանքերն ու էներգիան կենտրոնացրեք նոր հնարավորություններ որոնելու վրա։ Փնտրեք նոր հաստիքներ, կազմեք աշխատանքին համապատասխան ռեզյումե, կատարելագործեք հարցազրույցի ձեր հմտությունները։ 

 

 

Շարունակեք դրսևորել պրոֆեսիոնալ վարքագիծ

Հասկանալի է, որ աշխատանքի դիմելու համար ժամանակ տրամադրելը և հարցազրույցների մասնակցելը քիչ ժամանակ չեն պահանջել ձեզանից և պարզ է, որ ոչ մի պատասխան, անգամ մերժում չստանալը վրդովեցնող է։ Նույնիսկ եթե դուք շատ հիասթափված եք, կարևոր է գործատուի հետ հաղորդակցության մեջ քաղաքավարի և հարգալից լինելը։

 

Հնարավո՞ր է կանխել գոսթինգը

Երբ խոսքը գնում է գործատուի կողմից գոսթինգի մասին, պետք ընդունել, որ սովորաբար, այս երևույթի պատճառներն առաջանում են ձեր վերահսկողությունից դուրս գտնվող գործոնների արդյունքում: Հաճախ ընկերությունները փոխում են աշխատանքի ընդունման առաջնահերթությունները, կամ առհասարակ հրաժարվում են տվյալ հաստիքից: Եթե դուք բոլոր հնարավոր ձևերով փորձել եք կապ հաստատել, սակայն չի հաջողվել, ապա մնում է միայն այլ հնարավորություններ փնտրել։

 

Կհետաքրքրեն նաև