Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

8 միջոց, որոնք կօգնեն կենտրոնանալ աշխատավայրում

12.06.2024 | 1503 դիտում

Երբ դրսում արդեն ամառ է, և օրեցօր մոտենում է արձակուրդի մասին մտածելու ժամանակը, աշխատավայրում կենտրոնացած մնալը կարող է խնդիր դառնալ։ Կենտրոնանալու խնդիրը, սակայն, պայմանավորված չէ միայն եղանակով։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք բարդացնում են ժամանակակից աշխատավայրում կենտրոնանալը։ Օրինակ, ներկայիս զարգացող թվային աշխարհում, երբ ոչ միայն աշխատավայրում, այլև առօրյա կյանքում տարբեր տեխնոլոգիական միջոցներով ներգրավված ենք տարատեսակ գործընթացներում, ավելի ու ավելի դժվար է դառնում ուշադրությունը շեղող հանգամանքներն անտեսելը։

 

Մեր այսօրվա բլոգում կքննարկենք, թե ինչ անել կենտրոնացած մնալու և արդյունավետ աշխատելու համար։

 

 

Ինչպես կենտրոնացած աշխատել

Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն կենտրոնանալ և արդյունավետ օգտագործել աշխատանքի համար հատկացված ժամանակը։

 

1. Վերացրեք ուշադրությունը շեղող գործոնները

Դուք ավելի արդյունավետ և կենտրոնացած կաշխատեք, երբ ձեր շրջապատից հեռացնեք այն ամենը, ինչը կարող է պարբերաբար ընդհատել ձեր աշխատանքը։ Օրինակ, հնարավորության դեպքում փորձեք աշխատավայրում հեռախոսի ձայն ու համացանցի կապը անջատել: 

 

2․ Դասակարգեք առաջադրանքներն՝ ըստ առաջնահերթության

Եթե անելիքների ձեր ցանկը շատ երկար է, ապա վերանայեք դրանք և դասակարգեք յուրաքանչյուր կետ՝ ըստ կարևորության և հրատապության: Սա թույլ է տալիս ջանքերը կենտրոնացնել կոնկրետ առաջադրանքի վրա։

 

 

3․ Ժամանակ հատկացրեք կոնկրետ առաջադրանքներին

Որոշելով, թե ինչ առաջադրանքներ պետք է կատարեք, հաշվի առեք յուրաքանչյուրը կատարելու համար անհրաժեշտ ժամանակը: Օրը պլանավորելը և ժամանակի կառավարման հմտությունների կիրառումը կօգնի կենտրոնացած աշխատել։  Ժամանակի կառավարման հմտություններին և մեթոդներին անդրադարձել ենք մեր նախորդ բլոգներից մեկում, որում նաև ներկայացրել ենք տարբեր տեխնոլոգիաներ (Pomodoro մեթոդ, Էյզենհաուերի մատրիցա, Պարետոյի սկզբունք և այլն), որոնք փորձելով դուք ի վերջո կգտնեք այն մեկը, որն առավել արդյունավետ կլինի հենց ձեզ համար։


4 Աշխատեք հանգիստ տարածքում

Միայնակ կամ հանգիստ միջավայրում աշխատելը նույնպես ձեզ ավելի կենտրոնացած կդարձնի։ Միայնակ դուք ավելի լավ կկենտրոնանաք՝ աշխատավայրի աղմկոտ միջավայրի բացակայության պայմաններում:

 

 

5. Շնչառական վարժություններ կատարեք

Շնչառական ամենահայտնի վարժություններից մեկը հայտնի է Box breathing անունով։ Այն շատ ժամանակ չի պահանջում և հարմար է աշխատավայրում կատարելու համար։ Վարժությունը կատարելու համար հարմարավետ նստեք և մեջքը պահեք ուղիղ։ Սկսեք դանդաղ և խորը ներշնչելով քթով՝ այդ ընթացքում հաշվելով մինչ չորսը։ Այնուհետև չորս վայրկյան դանդաղ և ամբողջությամբ արտաշնչեք բերանով: Շունչը նորից պահեք չորս վայրկյան, նախքան հաջորդ ներշնչումը սկսելը: Կրկնեք այս վարժությունը չորսից վեց անգամ, կամ մինչև ձեզ ավելի հանգիստ զգաք: 

 

Այս վարժությունն օգնում է նվազեցնել սթրեսը և անհանգստությունը և բարելավում է կենտրոնացումը: 

 

6. Ընդմիջումներ արեք

Պարբերաբար լիցքաթափվելու և հանգստանալու համար ինքներդ ձեզ ժամանակ հատկացրեք։ Կարճ ժամանակով առաջադրանքից «հեռանալը» կարող է դրա հետ կապված թարմ տեսակետ հաղորդել: 

 

 

7․ Մի անտեսեք գիշերային քունը

Գիշերն առնվազն ութ ժամ քնելը անհրաժեշտ է ֆիզիկական և մտավոր առողջ վիճակն ապահովելու համար։ Քնկոտությունը ստիպում է ավելի դանդաղ աշխատել և դժվարացնում է կենտրոնացումը։ Մյուս կողմից, լավ գիշերային հանգիստը թույլ է տալիս զգոն լինել և առանց դժվարության կենտրոնանալ աշխատանքի վրա, հատկապես առավոտյան ժամերին։

 

8․ Մի փորձեք միանգամից մի քանի առաջադրանք կատարել

Երբ ձեր ուշադրությունն ուղղում եք միայն մեկ առաջադրանքի վրա, շեղվելու ռիսկը նվազագույնի է հասցվում: Միանգամից մի քանի առաջադրանք կատարելու դեպքում ավելորդ ժամանակ և էներգիա կվատնեք պարբերական անցումների վրա։ Հետևաբար, նախ կենտրոնացեք մեկ առաջադրանքի վրա, այնուհետև անցնեք մյուսին:

 

Կհետաքրքրեն նաև